Հայ ֆերմերները փոխառություններ կստանան նորարարական սխեմայով Նախորդ նյութը Գեորգի Նադարեիշվիլի...

Հայ ֆերմերները փոխառություններ կստանան նորարարական սխեմայով

Հայաստանում ֆերմերային տնտեսությունների ֆինանսավորման նոր սխեմա է գործարկվելու «Հայաստանի գյուղատնտեսության սեկտորի ֆինանսավորում» ծրագրի շրջանակներում, որն իրագործում է Գերմանա-հայկական հիմնա-դրամը` գերմանական KfW զարգացման բանկի հետ համատեղ:

«Վերջին 15 տարիների ընթացքում Հայաստանի ագրովարկավորման շուկան հսկայական ճանապարհ է անցել: Եթե նախկինում հաճախորդները չգիտեին, թե որտեղից կարելի է փոխառու միջոցներ հայթայթել, ապա այժմ նրանք հնարավորություն ունեն ընտրելու իրենց համար առավել նպաստավոր վարկավորման պայմանները, և դա շատ կարևոր է», — երեկ «Մարիոթ» հյուրանոցում շնորհանդես-սեմինարի ժամանակ հայտարարեց տվյալ ծրագրի իրագործմանը տեխնիկական աջակցություն ցուցաբերող շվեյցարական «Business and Finance Consulting» ընկերության գլխավոր տնօրեն Միխաէլ Քորթենբուշը:
«Մեր առաքելությունն է լավագույն միջազգային փորձի կիրառումը և նրա տեղայնացումը Հայաստանում` մեր գործընկերների` «Ալֆա Փլաս Քոնսալթինգ» և «ICARE Foundation» ընկերությունների հետ համատեղ», բացատրեց Միխաէլ Քորթենբուշը: 
Առաջին անգամ տեղական ֆերմերներին վարկերի հասանելիությունը կկազմակերպվի ինովացիոն` արժեշղթայի ֆինանսավորման սխեմայի միջոցով (value chain financing): 
Ի տարբերություն վարկավորման ավանդական տարբերակների, տվյալ դեպքում կիրառվում է համակարգային կամ եռակողմ մոտեցումը: Այսպիսով, բանկերը և վարկային կազմակերպությունները դառնում են ամբողջ շղթայի լիարժեք ֆինանսական գործընկեր-մասնակիցներ: 
Նման տիպի պիլոտային սխեման գործարկվելու է մոտակա ժամանակ «ՖԻՆՔԱ Հայաստան» ՈՒՎԿ-ի և «ԱրտԱգրո»-ի մասնակցությամբ` ֆերմերային տնտեսությունների համալիր սպասարկման համար: 
Սպասվում է, որ նման բնույթի համագործակցությունը շահավետ կլինի արժեշղթայի բոլոր մասնակիցների համար: Այսպես, ֆերմերները 75000-ից 1500000 դրամի չափով և զրոյական կամ շատ ցածր տոկոսադրույքով վարկեր կկարողանան ստանալ: Վարկի տրամադրման համար սպասարկման վճարը կկազմի 3%, վարկի ժամկետը` 6–12 ամիս: 
Ավելին, վարկավորման պայմանները չեն ենթադրում այցելություն վարկառուի բնակության վայր: Մինչև 750000 դրամ գումարի վարկերը չեն պահանջի երաշխավորագրեր: «ՖԻՆՔԱ Հայաստան» վարկային կազմակերպությունից բացի ծրագրի վարկավորման ավանդական սխեմայի շրջանակում ներառված են ևս երեք բանկեր և հինգ վարկային կազմակերպություններ:2. Ներդրումային նպատակների համար մեկ անձի գծով վարկերի առավելագույն չափը 75 մլն. դրամ է, և դրանք տրամադրվում են երկու և ավելի տարի ժամկետով: Շրջանառու միջոցների համալրման նպատակով վարկի գումարը չի գերազանցում 33 մլն դրամը, նվազագույն ժամկետը` սկսած 8 ամսից: 
«Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի աջակցություն» ծրագիրը նախատեսում է մի շարք դրույթներ, որոնք շահեկանորեն տարբերակում են բանկերի սեփական միջոցների կամ այլ դոնորային ծրագրերի հաշվին ֆինանսավորման պայմաններից: Դրանց թվում են. ա) բացառապես տեղական արժույթով` ՀՀ դրամով, ֆինանսավորումը, բ) գյուղատնտեսություն վարելու համար հող ձեռք բերելու հնարավորություն, գ) վարկերի տևողության` սահմանված նվազագույն ժամկետները և պարտադիր արտոնյալ ժամանակաշրջանը: 
Ինչպես նշվել է, տվյալ ծրագրի իրագործման տեխնիկական աջակցությունն է ցուցաբերում շվեյցարական «Business and Finance Consulting» ընկերությունը, որը արժեշղթաների ֆինանսավորման սխեմաների գծով հաջող փորձ ունի Ղրղզստանում, Սերբիայում, Վրաստանում, և այլն:
«Հայաստանի գյուղատնտեսության սեկտորի ֆինանսավորման» ծրագրի երկրորդ փուլի շրջանակներում, որը սկսել է 2015թ.-ին, Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ) միջոցներից գործընկեր ֆինանսական ինստիտուտներին կտրամադրվի 15 մլն եվրո: 
Առաջին փուլի իրագործման` 2013-2015թ.թ., ընթացքում տրամադրվել է 5150 վարկ` 13,7 մլրդ դրամ ընդհանուր գումարով: Վարկառուներ են հանդիսանում այն ձեռնարկությունները և ձեռնարկատերերը, որոնք ներգրավված են գյուղատնտեսական արտադրանքի վերամշակման, գյուղատնտեսության համար նյութերի, պարարտանյութերի և քիմիկատների արտադրության, ինչպես նաև գյուղատնտեսության հետ կապված տարբեր ծառայությունների մատուցման ոլորտներում: 
Միջոցառումը կազմակերպել էր գյուղատնտեսության կարիքների համար արտադրության միջոցներ` ներառյալ թունաքիմիկատներ և պարարտանյութեր, իրացնող հայաստանյան «ԱրտԱգրո» ընկերությունը: 
Շնորհանդես-սեմինարին մասնակցություն ցուցաբերեցին նաև թունաքիմիկատների և պարարտանյութերի համաշխարհային շուկայում առաջատար դիրքեր զբաղեցնող նորվեգիական YARA International ASA և իսրայելական ADAMA Agricultural Solution:

Աղբյուր՝ arka.am