Հայաստանում շուտով ֆերմերային տնտեսությունների ֆինանսավորման նոր սխեմա է գործարկվելու Նախորդ նյութը Պարարտանյութեր արտադրող... Հաջորդ նյութը Գեորգի Նադարեիշվիլի...

Հայաստանում շուտով ֆերմերային տնտեսությունների ֆինանսավորման նոր սխեմա է գործարկվելու

Հայաստանում շուտով ֆերմերային տնտեսությունների ֆինանսավորման նոր սխեմա է գործարկվելու «Հայաստանի գյուղատնտեսության սեկտորի ֆինանսավորում» ծրագրի շրջանակներում, որն իրագործում է Գերմանա-հայկական հիմնադրամը` գերմանական KfW զարգացման բանկի հետ համատեղ:

«Վերջին 15 տարիների ընթացքում Հայաստանի ագրովարկավորման շուկան հսկայական ճանապարհ է անցել: Եթե նախկինում հաճախորդները չգիտեին, թե որտեղից կարելի է փոխառու միջոցներ հայթայթել, ապա այժմ նրանք հնարավորություն ունեն ընտրելու իրենց համար առավել նպաստավոր վարկավորման պայմանները, եւ դա շատ կարեւոր է», -«Մարիոթ» հյուրանոցում շնորհանդես-սեմինարի ժամանակ հայտարարեց տվյալ ծրագրի իրագործմանը տեխնիկական աջակցություն ցուցաբերող շվեյցարական «Business and Finance Consulting» ընկերության գլխավոր տնօրեն Միխաէլ Քորթենբուշը:

Միջոցառումը կազմակերպել էր գյուղատնտեսության կարիքների համար արտադրության միջոցներ` ներառյալ թունաքիմիկատներ եւ պարարտանյութեր, իրացնողհայաստանյան «ԱրտԱգրո» ընկերությունը: Շնորհանդես-սեմինարին մասնակցություն ցուցաբերեցին նաեւ թունաքիմիկատների եւ պարարտանյութերի համաշխարհային շուկայում առաջատար դիրքեր զբաղեցնող նորվեգիական YARA International ASA եւիսրայելական ADAMA Agricultural Solution:

Առաջին անգամ տեղական ֆերմերներին վարկերի հասանելիությունը կկազմակերպվի ինովացիոն` արժեշղթայի ֆինանսավորման սխեմայի միջոցով (value chain financing): Ի տարբերություն վարկավորման ավանդական տարբերակների, տվյալ դեպքում կիրառվում է համակարգային կամ եռակողմ մոտեցումը: Այսպիսով, բանկերը եւ վարկային կազմակերպությունները դառնում են ամբողջ շղթայի լիարժեք ֆինանսական գործընկեր-մասնակիցներ:

Նման տիպի պիլոտային սխեման գործարկվելու է մոտակա ժամանակ «ՖԻՆՔԱ Հայաստան» ՈՒՎԿ-ի եւ «ԱրտԱգրո»-ի մասնակցությամբ` ֆերմերային տնտեսությունների համալիր սպասարկման համար: Սպասվում է, որ նման բնույթի համագործակցությունը շահավետ կլինի արժեշղթայի բոլոր մասնակիցների համար: Այսպես, ֆերմերները 75000-ից 1500000 դրամի չափով եւ զրոյական կամ շատ ցածր տոկոսադրույքով վարկեր կկարողանան ստանալ:Վարկի տրամադրման համար սպասարկման վճարը կկազմի 3%, վարկի ժամկետը` 6–12 ամիս: Ավելին, վարկավորման պայմանները չեն ենթադրում այցելություն վարկառուի բնակության վայր: Մինչեւ 750000 դրամ գումարի վարկերը չեն պահանջի երաշխավորագրեր:

«ՖԻՆՔԱ Հայաստան» վարկային կազմակերպությունից բացի ծրագրի վարկավորման ավանդական սխեմայի շրջանակում ներառված են եւս երեք բանկեր եւ հինգ վարկային կազմակերպություններ: Ներդրումային նպատակների համար մեկ անձի գծով վարկերի առավելագույն չափը 75 մլ դրամ է, եւ դրանք տրամադրվում են երկու եւ ավելի տարի ժամկետով:

Շրջանառու միջոցների համալրման նպատակով վարկի գումարը չի գերազանցում 33 մլն դրամը, նվազագույն ժամկետը` սկսած 8 ամսից: «Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի աջակցություն» ծրագիրը նախատեսում է մի շարք դրույթներ, որոնք շահեկանորեն տարբերակում են բանկերի սեփական միջոցների կամ այլ դոնորային ծրագրերի հաշվին ֆինանսավորման պայմաններից: Դրանց թվում են. ա) բացառապես տեղական արժույթով` ՀՀ դրամով, ֆինանսավորումը, բ) գյուղատնտեսություն վարելու համար հող ձեռք բերելու հնարավորություն, գ) վարկերի տեւողության` սահմանված նվազագույն ժամկետները եւ պարտադիր արտոնյալ ժամանակաշրջանը: